Վրաստանը միայնակ չի կարող Հայաստանին թույլ տալ օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Վրաստանի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Խուխաշվիլին` մեկնաբանելով նախագծի վերաբերյալ վերջին հայտարարությունները:
Հիշեցնենք, որ օրերս «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, թե ճանապարհը կգործարկվի 2014թ. վերջին: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել էր այն հայկական ընկերությունների համար արգելափակելու մտադրության մասին:
«Հարցն իսկապես բարդ է` հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծայրահեղ առանձնահատուկ հարաբերությունները: Քանի որ երկաթուղու օպերատորի համահիմնադիրներ են հանդես գալու ոչ միայն վրացական, այլեւ ադրբեջանական եւ թուրքական կողմերը: Խաղի կանոնները միայն մենք չենք սահմանում»,-նշեց Խուխաշվիլին:
Խոսելով երկաթուղու հեռանկարային լինելու մասին, նա ընդգծեց նրա կարեւորությունը ինչպես Վրաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի տրանսպորտային միջանցքների տեսանկյունից: «Մենք մարքեթինգային հետազոտություն ենք իրականացնում, եւ արդեն պատկերացում ունենք, որ բեռները կարող են տեղափոխվել երկաթուղով, եւ որոնք` լաստանավային երթուղով: Նման բաժանման պարագայում կարող է Փոթիի եւ Բաթումի թերբեռնում առաջանալ: Սակայն հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա, իսկ բեռների հոսքը կավելանա նոր հզորություններին համպատասխան»,-ասաց Խուխաշվիլին:



























