Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ըստ որի մարտի 10-ին` ժամը 18-30-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Կենտրոնական բանկի» մոտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը նախ` հայհոյել, ապա` հարվածել է իր դեմքին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2013թ. ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Հրանտ Հովհաննիսյանին հայհոյելու, հարվածելու հանգամանքները, ավելին` բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հրանտ Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է` տեսուչ Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
2013թ. հունիսի 14-ին որոշում է կայացվել քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով նոր քրեական գործ հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Նույն օրը ոստիկանության աշխատակից Ռ. Վարդանյանի նկատմամբ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել էª հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունª քննչական ենթակայության հարցը լուծելու համար:




























