25-ամյա հաճախորդը ծեծել է «Ակապելլա»  կարաոկե ակումբի մենեջերին: Կենտրոն  Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա  Հարություն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Չարենցի փող. 1 հասցեում գտնվող «Ակապելա» կարաոկե-ակումբում, ինքնությունը չպարզված անձի հետ մոտ 20 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների եւ ակումբի աշխատակիցների նկատմամբ:

Նրանք վիճաբանել են ակումբի մենեջեր Աննա  Հ.-ի հետ, բարձրաձայն տվել սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել եւ ձեռքով ու ոտքերով հարվածներ են հասցրել Աննա Հ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հունիսի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: