Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հերքում է իր տան վրա ավազակային հարձակում լինելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձմաբ Ֆելիքս Թոխյանը:
NEWS.am-ի թղթակիցը երեկ օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեց նրան` փորձելով միջադեպից մանրամասներ ճշտել: Սկզբից դատավորն ասում էր, թե Սլավոնական համալսարանում քննության է, ուշ զանգահարենք, իսկ երբ ուշ զանգահարեցինք, նա հանդիմանեց իրեն անհանգստացնելու համար: «Առանց ոչ մի կոմենտարիա, հա՞, խնդրում եմ ինձ էլ չզանգեք: Ամոթ է էլի, մի քիչ բան ունեցեք, ես հիմա դուխ ունե՞մ քեզ բան տամ: Գնա ոստիկանություն, իմացի, չզանգեք ինձ, առանց կոմենտարիայի, հարգանք ունեցեք»,-ասաց նա, հընթացս անցնելով «դու»-ի եւ «մուննաթի»:
Մեր դիտարկմանը, թե մի քանի բան էինք ուզում ճշտել, վերջիվերջո ձեր տան վրա ավազակային հարձակում է եղել, ՍԴ անդամը նշեց. «Ոչ մի ավազակային հարձակում իմ տան վրա չի եղել»:
Հարցին, թե փաստորեն ձեր կինը սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, նա չպատասխանեց, խնդրեց այլեւս իրեն չզանգել եւ միանգամից անջատեց հեռախոսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւանում կողոպտել են Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի բնակարանը: NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կամ անձինք ուրբաթ օրը մտել են Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարան, գումար եւ թանկարժեք իրեր տարել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կողոպտել են նաեւ մեծ գումար, որը Թոխյանն օրերս վարկով վերցրել էր բանկից: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանություն դիմել է դատավորի կինը` Մարինե Թոխյանը, եւ հայտնել, որ հունիսի 13-ին ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո եւ 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ:




























