Ստամբուլի «Գեզի» այգու պահպանության համար դուրս եկած քաղաքացիներին, ինչպես նաեւ ի պաշտպանություն «Գեզի» այգու Թուրքիայի տարբեր քաղաքներում փողոց դուրս եկած քաղաքացիների դեմ իշխանությունների ցուցաբերած դաժան միջամտությունների հետեւանքով Էրդողանի վարկանիշը եւ նրա գլխավորած կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է գրանցել։
Նույնիսկ իշխանամետ Todays Zaman-ի համար MetriPoll հետազոտական ընկերության կողմից կատարված սոցհարցումները տխրեցնելու են իշխող կուսակցությանը։
Ըստ հարցումների, Թուրքիայի ամենասիրված գործիչ է ճանաչվել նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ 72,5 տոկոսի պատասխաններով։
Եթե այս կիրակի լիներ ընտրությունները, ու՞մ կտայիք ձեր ձայնը հարցին, հարցման մասնակիցների 35 տոկոսը պատասխանել է իշխող կուսակցությանը, 23 տոկոսը՝ ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետականին», իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին պատասխանել է հարցվածների 14,5 տոկոսը։
Հարցվածների 36 տոկոսի կարծիքով՝ Էրդողանն ավելի ժողովրդավար է, իսկ 50 տոկոսի կարծում է, որ Էրդողանի իշխանությունն ավտորիտար է դառնում։
«Գեզի այգին թող մնա որպես կանաչ տարածք»,-պատասխանել են հարցվածների 63 տոկոսը, ինչը կրկին հարված է Էրդողանին, ով պնդում է, թե «Գեզի» այգու պահպանության համար դուրս են եկել մի քանի թափթփուկ։




























