«Հրապարակը» գրում է, թե Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է եւս մեկը: Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական  քաղաքապետ Վարդան Գեւորգյանի մասին է: Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում` Մաքսիմ Հակոբյանի թեթեւ ձեռքով, եւ հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու` Վահեի «ինքնաբացարկից» հետո  փորձում է մարզպետ դարձնել:

Վ. Գեւորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը:  ՀՀԿ-ում գտնում են, որ «էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետեւ Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»:

Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»: Նաեւ ասում են, որ մարզպետի հարցում ձայնի իրավունք ունի նաեւ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը. Սերժ Սարգսյանը նրա կարծիքը եւս հաշվի կառնի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել: