Որքան Հայաստանում տեղի ինքնակառավարման մարմինների աշխատանքներում շատ կանայք ներգրավված լինեն, այնքան այդ կառույցների գործունեությունն արդյունավետ կլինի: Այս մասին հունիսի 18-ին Երեւանում Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը (ֆոտոռեպորտաժ):
Գեւորգյանի խոսքով` թեեւ, ելնելով ազգային առանձնահատկություններից, Հայաստանում կանայք ընտանեկան կյանքը գերադասում են հասարակականից, վերջին ժամանակներս այդ միտումը փոխվում է. կանայք գնալով ավելի շատ են ներգրավվում քաղաքական, հասարակական գործունեության մեջ, ինչպես նաեւ ՏԻՄ աշխատանքներում:
Գեւորգյանը կարծում է, որ թեեւ երկրի քաղաքական կյանքում ներգրավված կանանց թիվն առայժմ չի բավարարում, սակայն պետությունը ներդնում է բոլոր ջանքերը իրավիճակը փոխելու համար. «Որքան շատ կանայք ներգրավված լինեն երկրի քաղաքական կյանքում, ինչպես նաեւ ՏԻՄ աշխատանքներում, այնքան ավելի շատ հարցեր լուծում կստանան»: Նախարարը նաեւ ընդգծել է, որ չնայած որպես համայնքների ղեկավար` կանանց թիվը փոքր է, նրանց վարչակազմի աշխատակիցների կեսը կանայք են:
Ընդգծենք, որ այսօր Երեւանում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստ: Բյուրոյի նիստի օրակարգային հարցերի թվում է Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի 25-րդ նստաշրջանի օրակարգի ձեւավորումը: Իսկ հունիսի 19-ին Երեւանում կկայանա միջազգային համաժողով` «Ներկայացուցչական ժողովրդավարություն տեղական մակարդակում» թեմայով:




























