«Արմավիա» ընկերությունը կվճարի աշխատակիցներին ունեցած պարտքերը, այն ունի համապատասխան ներուժ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը: 

Միաժամանակ նա նկատել է, որ «ինքնաթիռ վաճառելը կարտոֆիլ վաճառել չէ», հեշտ գործ չէ: Պատասխանելով հարցին, ըստ որի «Արմավիայի» բացակայության պայմաններում արտոնություններից օգտվելու իրավունք ունեցողները թեկուզ ժամանակավոր, բայց զրկվել են  դրանցից, Լեւոն Ղազարյանը նշել է, որ կառավարությունը, ըստ ամենայնի, պետք է ինչ-որ քայլ ձեռնարկի, միգուցե՝ փոխհատուցում վճարի:

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին: Ընկերությունը նաեւ  աշխատավարձային պարտքեր ունի աշխատակիցներին: Ընկերության աշխատակիցները պարբերաբար բողոքում են՝ պահանջելով մարել պարտքերը:

Բացի այդ, ավիաընկերությունն ընդհուպ մինչեւ սնանկության մասին հայտարարելը տոմսեր էր վաճառել: Սպառողներին գնված տոմսերի դիմաց փոխհատուցումն այն այդպես էլ չի վճարել: