Նուբարաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Կիրակոսյանի համար անակնկալ էր իրեն նոր պաշտոնում նշանակելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Կիրակոսյանը:
Նա նշեց, որ այս աշխատանքը հոգեհարազատ է իրեն, Նուբարաշենում է ծնվել, մեծացել, սրտացավ է այս համայնքի համար, միշտ հետեւողական է եղել որպես բնակիչ: «Ճիշտ է, շատ պատասխանատու աշխատանք է, պետք է ծանոթանանաք խնդիրներին, եւ տեսնենք` ինչ լուծումներ, նոր մեխանիզմներ կան, էլ ավելի բարեկեցիկ դարձնենք մեր համայնքը»,- ասաց նորանշանակ ղեկավարը:
Ինչ վերաբերում է իր նախորդին ` դեռեւս 2005-ից Նուբարաշենը ղեկավարող Մհեր Հովհաննիսյանի աշխատանքին, ապա նա զերծ մնաց որեւէ գնահատական տալուց` ասելով, որ չի կարող վատ բան ասել, ամեն մարդ իր աշխատելու ձեւը, ոճը ունի, նորմալ է, «գնահատականը տվողը ես չեմ, դրա համար կա քաղաքապետարանի վարչություններ, իրենք կարող են տալ»:
Նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ արված ղեկավարի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել եւ այժմ էլ ունի: «Այդպես էլ կմնան, մեր համայնքը փոքր համայնք է, մի ընտանիքի պես են, բոլորը իրար ճանաչում են, չի կարող այլ ձեւ հարաբերություններ ձեւավորվել, ես կողմնակից եմ խաղաղության, համերաշխության»,- ասաց Արթուր Կիրակոսյանը:
Հարցին, թե կադրային ջարդ չե՞ք անելու, նա բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր աշխատակազմն ազատման դիմում է գրել, եւ նոր ղեկավարը փաստացի առանց աշխատակազմի է մնացել: Նա նշեց, որ կառաջարկի աշխատակազմին շարունակել աշխատանքը, իսկ եթե չցանկանան, նոր աշխատակազմ կհավաքեն:
Նորանշանակ ղեկավարը չգիտի` աշխատակազմի միահամուռ կերպով հրաժարական տալը դավադրությո՞ւն է, թե՞ մութ ուժերի ձեռքի գործը, «թիմ է, իրար հետ աշխատել են, իրար հետ էլ գնացել են»: Նա նաեւ նկատեց, որ աշխատակազմի ներկայացուցիչների մեջ ոչ բոլորն են ԲՀԿ-ական, հիմնականում անկուսակցական անձինք են:
Դիտարկմանը, թե Մհեր Հովհաննիսյանին պաշտոնից ազատելը համարում են քաղաքական որոշում, կապում ԲՀԿ-ին վերջին վարչական ռեսուրսից զրկելու հետ, նա արձագանքեց. «Չէի ասի, թե քաղաքական որոշում է եւ ԲՀԿ-ին զրկում են վերջին վարչական ռեսուրսից: ԲՀԿ-ականները հրաժարական տվել են ավելի վաղ, եթե քաղաքական որոշում լիներ, դա կլիներ շուտ, պարզապես քաղաքապետը ընտրվում է 4 տարի մեկ, սա էլ ժամկետի վերջանալու հետ կապված փոփոխություն է»,- ասաց Արթուր Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 18-ի առավոտյան, ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին` ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց անձամբ Արթուր Կիրակոսյանը:
Նշենք, որ դեռ հունիսի 17-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը պաշտոնանկ է արվել: Ոչ այդ օրը երեկոյան, ոչ հունիսի 18-ի առավոտյան Երեւանի քաղաքապետարանը այս տեղեկությունը չէր հաստատում, իսկ ավելի ուշ հաղորդագրություն տարածեցին:




























