Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարանից գողություն անողները դեռեւս չեն հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն) : Ոստիկանություն դիմել էր դատավորի կինը, ըստ ամենայնի` միջադեպի ժամանակ տանը մարդ չի եղել, գողության մասին նրանք իմացել են տուն վերադառնալուց հետո:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ բնակարան մուտք գործած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւանում կողոպտել են Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի բնակարանը: NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կամ անձինք ուրբաթ օրը մտել են Թոխյանի` Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում գտնվող բնակարան, գումար եւ թանկարժեք իրեր տարել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կողոպտել են նաեւ մեծ գումար, որը Թոխյանն օրերս վարկով վերցրել էր բանկից: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսի 13-ին ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան եւ այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո եւ 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր նյութական վնասը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ:




























