Բանտից դուրս գալուց երկու շաբաթ անց կրկին ձերբակալվել է «օրենքով գող» Տարիել Պոցխվերիան, ով հայտնի է Տարաս կամ  Կոկոնո մականուններով, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

1959թ. ծնված Տարիել Պոցխվերիան ազատվել էր Վրաստանում իշխանափոխությունից հետո հայտարարված համաներման շրջանակում: Սակայն ոստիկանությունն արդեն ապացույցներ ունի, որ «օրենքով գողը» հետ չի կանգնել հանցավոր ուղուց: Քննիչների տվյալով՝ Տարիել Պոցխվերիան «գողական ռազբորկաներ»  է կազմակերպել, «գողական վճիռներ կայացրել», «գողական համայնքի» մյուս անդամներին ցուցումներ տվել, գրում է «Ինտերֆաքսը»:

Տարիել Պոցխվերիան ձերբակալվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուշման կուրս էր ստանում: Ոստիկանությունը որոշել է չընդհատել քրեական հեղինակության բուժումը, բայց հսկողություն է սահմանել նրա նկատմամբ:

Տարիել Պոցխվերիան Սահակաշվիլիի օրոք այլ «օրենքով գողերի» նման արտասահման էր մեկնել: 2006թ. ձերբակալվել էր Ուկրաինայում եւ արտահանձնվել Վրաստանին, որտեղ նրան 14 տարվա ազատազրկման էին դատապարտել Թբիլիսիի N5 բանտում 2006թ. մարտի 27-ին կալանավորների ապստամբություն կազմակերպելու համար, գրում է «ՓրայմՔրայմը»:

Կոկոնոն պատժաչափի կեսից ավելին կրել էր եւ 2013թ. հունիսի սկզբին համաներմամբ ազատ արձակվել: