Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 18-ին, արտահերթ նիստում սկսեց քննարկել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը:

Օրենքի նախագծով՝ երկրապահը սահմանված է որպես արժեհամակարգ՝ հիմնված հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա:

Նախագծով՝ երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թ. ոչ պակաս, քան 3 ամիս տեւողությամբ սահմաններում մարտնչած անձինք, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ զոհված անձինք՝ անկախ ժամկետից:

Գեներալ Մանվել Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ մոտ 85 հազ. մարդ այսօր օգտվում են հատուկ իրավունքներից, որից 35 հազարը ազատամարտիկներ են: Սակայն շատ ազատամարտիկներ դուրս են մնացել այդ ցուցակլներից; «Արմենը (ՄԱԶ-ը) իր ջոկատով մնացել է դուրս, դաշնակցական շատ տղաներ դուրս են մնացել, քանի որ 1992-ին չեն մտել բանակ ծառայության, սակայն մեր հետ հավասարազոր կռվել են, բայց որեւէ տեղ չեն գրանցվել: Վերջում զենքը հանձնել են, թողել գնացել են տուն»,- ասաց Մ. Գրիգորյանը:

«Երկրապահը Մանվելի սեփականությունը չէ, տարբեր կուսակցությունների ջոկատներ են եղել, հետո եղել է երկրապահը... սա Հայաստանի Հանրապետությանն է, ոչ մեկի սեփականությունը չի: Նույն այդ կամավորականը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Հովիկ Աբրահամյանն է»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Նա նաեւ հավելեց, որ կարեւոր չի, թե ով է կառավարությունը, 1 ամիս հետո կառավարությունը կարող է փոխվել, կամ աղջիկ-տղա կամուսնացնեն, պետք չէ թշնամություն սերմանել: Գեներալի այս խոսքերը դահլիճում տրամադրություն բարձրացրին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե 1 ամսից փոխվել չեն պատրաստվում: «1 ամիս չէ, բայց 1 տարի չերկարի»,- նույնպես կատակեց Մ. Գրիգորյանը: