Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը ոչ մեկին ոչինչ չի պատմել միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Բուդաղյանի հարազատները:

«Ինքը ոչինչ չի խոսում, լուռ այդ ամենը տանում է, ոնց որ շոկի մեջ, եղբոր մահը տանում է, չի էլ ուզում ոչ մեկի հետ շփվել, միայն շատ մտերիմ հարազատների հետ է շփվում: Միայն միտքն այն է շուտ ոտքի կանգնի, գնա զորքին տեր կանգնի»,- հայտնեցին նրանք` հավելելով, որ ոչինչ չի հայտնել, թե իրեն եղբայրը զանգել եւ ինչ է ասել, ինչու է գնացել նախկին մարզպետի տուն եւ այլն:

Նա նշեց, որ իրենք եւս որեւէ բան չեն հարցնում միջադեպից, ոչ էլ խոսում են այդ թեմայով, լուռ հետեւում են իրավական ընթացքին, եւ սպասում, թե իշխանությունները երբ համարժեք գնահատական կտան: Բուդաղյանին դեռ չեն հարցաքննել:

Հարազատները վստահ են, որ եթե Ավետիք Բուդաղյանին նախկին մարզպետի տանն առաջին օգնություն ցուցաբերվեր, հիմա նա կենդանի կլիներ, նրա երեխաներն էլ առանց հայր չէին մեծանա: Նրանք նաեւ տեղեկացրին, որ Արտակ Բուդաղյանին եւս ոչ մի օգնություն չի ցուցաբերվել, ինքը ինքնուրույն է հասել հիվանդանոց: «Բժիշկներն էլ են ասել, որ սկզբից բերել են թիկնապահին եւ շատ շուտ, եթե այդ նույն բանը կատարվեր Ավոյի հետ, Ավոն հարյուր տոկոս կենդանի կմնար, Ավոն ուղղակի արյունաքամ է եղել»,- պատմեցին հարազատները:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: