Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը բարկացավ` լսելով գործարար, իր մտերիմ Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ հարցը: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Նավասարդ Կճոյանին` փորձելով ճշտել, թե նա վերջին անգամ երբ է խոսել Աշոտ Սուքիասյանի հետ, ինչ տեղեկություններ ունի վերջինից, քանի որ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:

Հարցին, թե Աշոտ Սուքիասյանի հետ վերջին անգամ երբ եք խոսել, Սրբազանը այսպես պատասխանեց. «Ի՞նչ է` քննչական մարմի՞ն եք»:

Երբ նրան հայտնեցինք, որ ամենեւին էլ քննչական մարմին չենք, պարզապես հետաքրքրվում ենք, քանի որ ինքը կապի մեջ է, մտերիմ է նրա հետ, Կճոյանն արձագանքեց. «Ինչի՞ց գիտեք, որ ես կապի մեջ եմ իր հետ, ի՞նչ կապ ունի, որ մտերիմ եմ, ախր նենց բաներ եք ասում»,- ասաց Նավասարդ Կճոյանը:

Դիտարկմանը, թե նա չէ՞ր Ձեզ «Բենթլի» նվիրել, բոլոր լրատվամիջոցները գրել էին այդ մասին, արքեպիսկոպոսը բորբոքված ասաց. «Ո՞վ է այդ սուտը ասել, դուք կրկնում եք այդ սուտը: Եթե բոլոր լրատվամիջոցները ձեր նման սուտ են ասում, ասելիք չունեմ, իր «Բենթլին» իր ընկերոջ մոտ է, ոչ թե ինձ մոտ, մի հատ հարցը քննեք, ճշտեք, ստուգեք նոր խոսեք: Ո՞վ է ասել, որ ինքն է նվիրել,,այդ ի՞նչ սուտ է, խայտառակ սուտ»: Դրանից հետո, նա անջատեց հեռախոսը:

Նշենք, որ ոստիկանությունում որոշում է կայացրել դեռեւս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ ներգրավել Աշոտ Սուքիասյանին: Եվ քանի որ նրա գտնվելու վայրը անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:  Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը) հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Նշվել էր նաեւ, որ հենց գործարար Աշոտ Սուքիասյանն է «Բենթլի» մակնիշի մեքենա նվիրել Նավասարդ Կճոյանին: