28-ամյա Յուրիկ Ղ.-ն պատժի կրումից ազատվելուց հետո սիրային կապի մեջ է մտել ընկերոջ մոր հետ եւ, երբ նոր սիրուհի է գտել՝ դաժան ծեծի է ենթարկել նրան:

Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների  ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Յուրիկ Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանելով Կարինե Ա.-ի հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով, բազմիցս հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին եւ պատճառել ծանր մարմնական վնասվածք` կյանքին վտանգ սպառնացող:

Առաջադրված մեղադրանքում Յուրիկ Ղ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ պատժի կրումից ազատվելուց հետո ծանոթացել է իր հետ պատիժ կրող Ռոբերտ Ս.-ի մոր` տուժող Կարինե Ա.-ի հետ, որից հետո իր եւ Կարինեի հարաբերությունները մտերմացել են եւ իրենք սկսել են համատեղ բնակվել ու գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ։

Յուրիկ Ղ-ն նշել է, որ իր եւ Կարինե Ա.-ի հարաբերությունները աստիճանաբար վատթարացել են, քանի որ ինքը սկսել է մտերմություն անել Արփինե Պ.-ի հետ։ Այնուամենայնիվ ինքը երբեմն գնացել է Կարինեի տուն եւ գիշերել է այնտեղ։

Դեպքի գիշերը ժամը 4-ի սահմաններում, իրեն է զանգահարել տուժող Կարինե Ա.-ի դուստրը եւ  հայտնել, որ մայրը վատ է զգում, ու խնդրել է գալ։ Ինքը Անդրանիկ Ս.-ի հետ, ով այդ ժամանակ գտնվել է իրենց տանը, նրա վարած տաքսի ավտոմեքենայով եկել է Կարինե Ա-ն տուն։ Երբ ներս է մտել Կարինե Ա.-ն պառկած է եղել բազմոցին, վատ է զգացել ու շնչահեղձ է եղել։ Կարինեն ասել է, որ վայր է ընկել լոգարանում, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Մոտ 20-30 րոպե Յուրիկը համոզել է նրան հիվանդանոց տեղափոխվել եւ նույնիսկ մեկ անգամ ապտակել է։ Նրա խոսքով՝ ի վերջո, իրենք Կարինեին տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ վճարումներ է կատարել եւ ռենտգեն նկարահանումից հետո պարզվել է, որ նա ունի կողոսկրի կոտրվածք։ Սակայն մի քանի օր անց բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դատարանը համադրելով ամբաստանյալի ցուցմունքը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, գտնում է, որ ամբաստանյալի պատճառաբանությունը,  թե Յուրիկը Կարինեին ծեծի չի ենթարկել, նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից եւ պատժից։ Օրինակ, քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալը մշտապես պնդել է, որ Կարինե Ա-ն տուն է գնացել նրա դստեր հեռախոսազանգից հետո, ով իրեն հայտնել է, որ մայրը վայր է ընկել, վնասվածք ստացել ու հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց։ Մինչդեռ հեռախոսային խոսակցությունների վերծանումներով հաստատվել է, որ դեպքի օրը հենց Յուրիկ Ղ-ն է երեք անգամ զանգահարել Կարինեի դստերը եւ ոչ թե հակառակը: Դատարանը դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման եւ գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Յուրիկ Ղուկասյանն կատարել է իրեն մեղսագրված արարքը եւ, որ այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: