Վայոց ձորի մարզի «Երիտասարդական» սրճարանի մուտքի մոտ 23-ամյա Արթուր Ն.-ն ծեծել եւ հայհոյել է Արամ Ս.-ին: Եղեգնաձորի ընդհանուր իրվասության դատարնից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գոծի նյութերի համաձայն՝ 23-ամյա Արթուր Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Եղեգնաձորի «Երիտասարդական» սրճարանի մուտքի մոտ, քաղաքի կենտրոնի մարդաշատ փողոցում, խուլիգանական մղումներով անհիմն վիճաբանության մեջ է մտել Վայոց ձորի մարզի բնակիչ Արամ Ս.-ի հետ, հավաքված քաղաքացիների ներկայությամբ նրա հասցեին տվել խուլիգանական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է Արամ Ս.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` քաշքշել, հարվածել եւ գետնին է գցել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արթուր Ն.-ի խուլիգանական գործողությունները տեւել են շուրջ 10-15 րոպե, որի ընթացքում գիշերային ուշ ժամին խանգարվել է հարակից բազմաբնակարան շենքի բնակիչների անդորրը: Արթուրի խուլիգանության հետագա ընթացքը խափանվել է դեպքի վայրում հավաքված քաղաքացիների միջամտությամբ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























