Դիլիջանի միջազգային դպրոցին տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունների ընդհանուր գումարը մոտ 20 մլն դոլար է, կամ 8-8,5 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Սակայն, ըստ Ս. Կարայանի, ներդրողին նման արտոնություն տրամադրելով, պետությունը տասնապատիկ կշահի այդ ներդրողի հետ համագործակցող այլ կազմակերպություների վճարած հարկերի շնորհիվ: Ս. Կարայանը հայտարարեց, որ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր խոշոր ներդրողներին, ու դա բխում է նաեւ ՀՀ նախագահի ծրագրից:
Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը կասկածելի ծրագիր է: «Եթե ցանկություն ունենային ազնիվ ծրագիր իրականացնել, մեզնից արտոնություն չէին հայցի»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նշենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտել է ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգ: Հարկային արտոնություններին դեմ են արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























