Ավելի լավ է դեպի արտերկիր ուղեգրերը միջնորդներից չգնել, այլ ընկերություններից, որոնք աշխատում են անմիջապես ընդունող կողմի հետ: Այս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Այդ դեպքում ուղեգրի գնի մեջ ներառված չեն լինի միջնորդի ծառայությունները: Պետք չէ ամաչել տուրօպերատորից պահանջել ցույց տալ հյուրանոցի հետ պայմանագիրը: «Բոլորս էլ գրագետ մարդիկ ենք եւ կարող ենք ինտերնետով ստուգել յուրաքանչյուր տեղեկություն»,-հավելել է Մինասյանը:
Նրա խոսքով` Հայաստանում պետք է ուշադրություն դարձնել զբոսաշրջային ծառայությունների գների առանձնահատկություններին: «Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ հյուրանոցներն ու հանգստի համար նախատեսված այլ օբյեկտները իրենց հաճախորդներին քիչ լրացուցիչ ծառայություններ են առաջարկում: Հանգիստը միայն սենյակն ու մահճակալը չէ: Երբ մեր տուրինդուստրիան դա հասկանա հայկական զբոսաշրջության գրավչությունը էապես կաճի, իսկ գները հիմնավորված կլինեն»,-հավելել է Մինասյանը: Նա համոզմունք է հայտնել, որ հանգստի ծառայությունները պետք է Հայաստանում պետք է պայմանագրային լինեն. «Եթե օպերատորը հավուր պատշաճի չի կատարում պայմանագրում նշված ծառայությունները, նրա նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել»:




























