Վրացի զբոսաշրջիկներն էլ պետք է Հայաստան այցելեն: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Եթե հայ զբոսաշրջիկները մեկնում են Վրաստան, նպաստում այդ երկրի բարօրությանը, ապա մենք էլ պետք է ձգտենք, որ վրացի զբոսաշրջիկներն էլ այցելեն Հայաստան», – ասաց Մինասյանը:
Դիտարկմանը, թե Հայաստանում հանգստի գները զգալի բարձր են, նա պատասխանեց, որ պետությունը կարող է զբոսաշրջային ոլորտին աջակցության ծրագիր կազմել՝ տեղի առանձնահատկությունները հաշվի առնելով:
«Օրինակ, Բելառուսում ամեն մի անհատ ձեռնարկատեր, որը ցանկանում է զբոսաշրջիկների հյուրընկալել, պետք է ծառայությունների նվազագույն ցանկ ներկայացնի: Այդ պարագայում նա 10 տարով ազատվում է բոլոր հարկերից, որպեսզի շահագրգռվի գումար ներդնելու եւ աշխատելու հարցում: Այժմ երկրում զգալի ավելացել է Ռուսաստանից եւ Մերձբալթիկայից ժամանող զբոսաշրջիկների հոսքը:
Թուրքիայում, օրինակ, 3 – 4 տարի զբոսաշրջային ընկերությունների համար սուբսիդիաներ էին գործում՝ 100 դոլար՝ ամեն մի հանգստացողի դիմաց: Սրանք բոլորն օրինակներ են: Անպայման չէ կրկնօրինակել դրանք, պետք է մեզ համար առավել համապատասխան մոդել որոշել», – ամփոփեց Մինասյանը:



























