Այն միամիտ բացատրությունը, որը տվել է  Աշոտ Սուքիասյանը, չի կարող փարատել այն կասկածները, որոնք կան հասարակության մեջ։ Այս մասին այսօր՝  հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «օֆշորային» սկանդալին եւ երեկ գործարար Աշոտ Սուքիասյանի դատախազությանը եւ «Հետքին» ուղարկած  նամակին։

Նա իր տարակուսանքը հայտնեց Աշոտ Սուքիասյանի այն խոսքերի վերաբերյալ, թե վերջինս իր նախաձեռնությամբ բաժնեմասեր է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունով։ «Ծիծաղելի է, որ այդպես են ուզում նրան հարվածի տակից հանել»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ինչպե՞ս կարող է  վարչապետի անունով կազմակերպություն գրանցվել եւ նա տեղյակ չլինի այդ մասին։

ՀԴԿ ղեկավարը նաեւ շեշտեց, որ անհարմար է քննարկել հոգեւոր սպասավորի հետ կապված պատմությունը, օրինակ՝  Վազգեն Առաջինի օրոք չէր լինի նման բան, որ սպասավորը թույլ տար իրեն «Բենթլի»  նվեր ստանալ։ Արամ Սարգսյանի համար կարեւոր է, որ նման պատմություններ չլինեն, իսկ դրանց դեպքում պետք է հետեւություններ արվեն, նախագահը պետք է որոշումներ կայացնի։ «Եթե վարչապետը համարում է, որ դա արդարացում է, թող լինի: Բայց դա անհեթեթ հայտարարություն է, դա նշանակում է, որ Կճոյանը եւ վարչապետը տեղյակ են եղել, սեփականության մաս են ստացել, նշանակում է, որ ինչ-որ մի տեղ գրանցվել է»,- նշեց ՀԴԿ առաջնորդը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե արդյոք այդ նամակը իրականություն է, թե ոչ։ Նրա խոսքով՝  պետք է սպասել, որ համապատասխան մարմիններն իրենց  եզրակացությունը տան, հետո իրենք կտան քաղաքական եւ բարոյական գնահատական։

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Իսկ երեկ երեկոյան հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել «Հետքին»:

Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am