Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 19-ին վեճ ծագեց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանի եւ ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի միջեւ:

Լ. Զուրաբյանն իր ելույթում հիշեցրեց, որ ԱՄՆ դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման համար որոշում է ընդունել ընդդեմ Վարդան Այվազյանի:

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը 37,5 մլն դոլարի հայց է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար վարդան Այվազյանի դեմ՝ «Գլոբալ Գոլդ մայնինգ» ընկերության բողոքի հիման վրա, կապված Մեղրաձորի հանքավայրի շահագործման իրավունքների հետ:

Վ. Այվազյանը մի քանի անգամ փորձում էր հակադարձել Լ. Զուրաբյանին, սակայն ԱԺ նախագահը դա թույլ տվեց միայն քվեարկությունից առաջ՝ վարման կարգի վերաբերյալ խոսքի իրավունքի տեսքով:

Վ. Այվազյանը հայտարարեց հետեւյալը. «Ես պետք է խորհուրդ տամ իրավական գիտելիքների մեծ գիտակին, որ ինչ որ մի երկրի վարչական դատարանի որոշումն այստեղ  ցիտելու փոխարեն ավելի լավ էր ցիտեր միջազգային արբիտրաժի որոշումը... իսկ եթե որ 136 տոննանոց ոսկու հանքը 200 հազարով ծախելու համար, որի վրա 5 տոննա ոսկի եմ գրել, ցավացել է ձեր սիրտը, ինձ համար ընդունելի է: Եթե մնացած մանրամասները կուզես իմանալ, մեծագույն սիրով պատրաստ եմ ձեզ էլ, ձեզ ներկայացնողներին էլ հանդիպել...»: