Ես կարծում էի, որ մեսիջները որոնք ուղարկեցի Գյումրիից հասանելի են բոլորի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գորիսի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հունիսի 2-ին տեղի ունեցած արյունալի դեպքին:

Հացին, թե հնարավո՞ր է,այցելի Գորիս՝ Գյումրիի օրինակով իրավիճակը շտկելու համար, նա արձագանքեց. «Միջոցառումները չենք անցկացնում անտեղ, որտեղ դեպք է կատարվում: Միջոցառումները անցկացնում ենք ամբողջ հանրապետության տարածքում: Եթե ուշադիր եք ոստիկանության լրատվական ծառայությանը, մենք պարբերաբար զեկուցում ենք զենք-զինամթերք առգրավելու, հանցագործություններ բացահայտելու, թիկնազորներով ման գալու մասին եւ այլն: Ինչ վերաբերում է Գորիսի կոնկրետ դեպքին` վատ դեպք է:  Ես կարծում էի, որ մեսիջները որոնք ուղարկեցի Գյումրիից հասանելի են բոլորի համար: Բայց դե ազգային առանձնահատկություն է: Կարծում եմ մեր հասարակությունն էլ, նման մարդիկ էլ կհրաժարվեն այդ առանձնահայտկությունից եւ կարծում եմ կլինի բառիս բուն իմաստով ապահով եւ խաղաղ երկիր»,- հույս հայտնեց Վլադիմիր Գասպարյանը: Դիտարկմանը, թե հավատո՞ւմ, թե դեպքի պահին Սուրեն Խաչատրյանը քնած է  եղել, ոստիկանապետը պատասխանեց. «Ես, ի տարբերություն ձեզ, լրագրող չեմ: Ես Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետն եմ եւ չեմ կարող այդպիսի հռետորական հարցերի պատասխաններ տալ: Գործը գտնվում է  զինվորական դատախազության վարույթում եւ էթիկայի նորմի խախտում է  իմ կողմից որեւիցե մի գնահատական տալ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am