Հայաստանի ԿԳՆ-ում նախարար  Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, այսօր՝ հունիսի 19-ին, ստորագրել են  կրթական համագործակցության հուշագիր՝ Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում եւ լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներկայացնելով եւ կարեւորելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հուշագրի վավերացմամբ  հնարավորություն է ստեղծվում  Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում, ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, խթանել ֆրանսերեն լեզվի եւ գրականության խորացված ուսուցումը եւ լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդնումը:

«Մենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ սկիզբ ենք դնում Հայասատում ֆրանսիական լիցեյի հիմնադրման եւ կայացման գործընթացին: Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձեւավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձեւավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման եւ Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը եւ հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաեւ ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության  համապատասխան մակարդակը:

Նախարարը նաեւ շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր: Ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է. <Մեր հիմնական նպատակը՝ Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ Հայաստանում լիարժեք ֆրանսիական լիցեյի կայացումն է: Ֆրանսիայի նախկին նախագահ պարոն Սարկոզին այս գաղափարի մասին խոսել է Երեւանի ֆրանսիական հրապարակում՝ հայ հասարակության ներկայությամբ: Սա դժվարին աշխատանք է, սակայն ես վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը համատեղ ջանքերով լավագույնս կյանքի կկոչվի>:

Նախաձեռնությանը հետեւողականորեն աջակցելու համար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն եւս կարեւորել է  Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ: Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը: <Թիվ 119 ավագ դպրոցում գործող երկլեզու կրթությամբ դասարանները կարող են դառնալ Հայաստանում ֆրանսիական լիցեյի կրթական ծրագրի հիմքը>,- նշել է Ա. Ռենոն եւ ավելացրել, որ  իրենք հեռահար նպատակ ունեն ապահովելու բակալավրի ծրագրով կրթություն:  Դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել լավագույն աշակերտների  համար սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաեւ ստանձնել է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն ու ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստումը: 

Դպրոցում նախատեսվում է իրականացնել  «Ֆրանսերեն լեզու» եւ «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրային եւ «Ֆրանսիայի պատմություն եւ աշխարհագրություն», «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ:

Ծրագիրը ներդրվելու է տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով` սկսած 2013-2014 ուսումնական տարվանից: Ֆրանսիական կողմը պարտավորվում է աջակցել կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը՝ ապահովելով  անհրաժեշտ մեթոդական աջակցություն, ծրագրերի շարունակականություն,   դասավանդողների պարբերաբար վերապատրաստումները ֆրանկոֆոն միջավայրում:

Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ սովորողին կտրամադրվի  լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով սովորողի ստացած գնահատականները, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած լավագույն  սովորողները կստանան Ֆրանսիական  ծրագրերն ավարտելու մասին վկայական: