«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ Մոսկվայում օրերս քննարկվել են «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու հարցերը, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Որեւիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաեւ այլ հարցեր»,-նշեց Ա. Մովսիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մինչեւ ամսվա վերջ բանակցությունները կավարտվեն: Ա. Մովսիսյանը հավաստիացրեց, որ կանեն այնպես, որ «ՀայՌուսգազարդում» 100% բաժնեմաս ստանալուց հետո «Գազպրոմը» կամայականությունների չդիմի, այլ Հայաստանին երկարատեւ ժամանակաշրջանի համար ապահովի կայուն գազամատակարարում;
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ը ներկայում պատկանում է «Գազպրոմին», 20%-ը՝ ՀՀ կառավարությանը:




























