Մեծ թվով «գերի վերցվածների» եւ «պատանդների» մասին տեղեկատվությունը չի համպատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարեց Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի տարածած տվյալները:
Ըստ այդ տվյալների, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի գերիների, անհետ կորածների եւ պատանդների ընդհանուր թիվը կազմում է 4033: «877 անձանց նկատմամբ տեղեկատվություն կա, որ նրանք գերի եւ պատանդ են վերցվել»,- ասված է ադրբեջանական պետհանձնաժողովի հաղորդագրության մեջ: Չի պարզաբանվում սակայն, թե 877 քաղաքացիների մասին տեղեկությունները որ ժամանակահատվածին են վերաբերում:
«Տեղեկատվությունը կեղծ է, իրականությանը չի համապատասխանում, հաստատված չէ ոչ մի փաստական տվյալով»,-ընդգծեց Արմեն Կապրիելյանը: Նա հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանի տարածքում ընդամենը մեկ գերի է գտնվում` ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջաեւը, որը հայկական կողմն էր անցել անցած տարի հուլիսին:
Ադրբեջանական պետհանձնաժողովը պարբերաբար թվեր է տարածում գերիների, պատանդների, անհետ կորածների մասին: Եւ այդ թվերը պարբերաբար, տարօրինակ կերպով, փոփոխվում են: Այսպես, վերջին մի քանի տարում հայտարարված մոտ 5 հազար թիվը տվյալ պահին կրճատվել է մինչեւ 4033 մարդու:
«Թվերն անհեթեթ են: Նրանք եւս գիտակցում են, որ տարբերությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ադրբեջանական հանձնաժողովը չճտված տվյալներ է հրապարկում»,-եզրափակեց Ա. Կապրիելյանը:




























