Երկու օր առաջ Ստամբուլում մեկնարկած «լուռ ցույցը» սկսում է անսովոր բնույթ կրել. Թաքսիմի հրապարակում կառավարության կողմնակիցներն ու հակառակորդները լեզվակռիվ են սկսել:
Հունիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ լուռ բողոքողների առջեւ հավաքվել են նրա կողմնակիցները եւ «լուռ ցույց» սկսել «լուռ ցուցարարների» դեմ: Ավելի ուշ, ինչպես հաղորդում է Medyafaresi-ն, առաջին ցուցարարները որպես պատասխան հագել են շապիկներ, որոնց վրա գրված է եղել «Լուռ ցույց լուռ ցույցի լուռ ցույցի դեմ»:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ փոխվարչապետ Բյուլենթ Առընչը լրագրողներին հայտարարել էր, որ այդ կերպ նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց բողոքը, սակայն ինքը մտավախություններ ունի նրանց առողջության համար, քանի որ «8 ժամ կանգնելը շատ դժվար է»: Իր հերթին ՆԳ նախարար Մուամմար Գյուլերը հավաստիացրել է, որ ոստիկանությունը չի խանգարելու «կանգնած մարդկանց ակցիային», եթե այն չխախտի հասարակական կարգը:
Հիշեցնենք, որ առաջին «լուռ ցույցը» սկսել է Էրդեմ Գյունդուզ անունով ցուցարարը, ով Թաքսիմի հրապարակում կանգնել է 8 ժամ` առանց շարժվելու եւ խոսելու: Որոշ ժամանակ անց նրան սկսել են միանալ նաեւ այլ ցուցարարներ:




























