Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին ՀՀ կառավարության նիստը սկսեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության ու դրա շուրջ խորհրդարանում ընթացած քննարկումների վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարությունն ուներ 3 մաս:
Առաջին. Տ. Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ խիստ շահագրգռված է, որ Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումներն անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին: «Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբեւէ պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ»,- ասաց Տ. Սարգսյանը:
Երկրորդ. Վարչապետը հայտարարեց, որ ՎՊ-ն խիստ մասնագիտացված կառույց է, ու համաձայն է այն պատգամավորների հետ, որ պետք է օրենսդրությամբ սահմանվեն այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ հաշվետվությունը: «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով, քաղաքական գնահատականներ տալը Ազգային Ժողովի ու գործադիր իշխանության ֆունկցիաներն են»,- ասաց Տ. Սարգսյանը;
Նրա խոսքով՝ այն ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ոչ մի կապ չուներ իրականության հետ, հատկապես այն հայտարարությունը, որ բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է: «Այս հայտարարությունը վերաբերում է յուրաքանչյուրիդ այստեղ նստած, որովհետեւ 70%-ը վերաբերում է բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,- կառավարության անդամներին դիմեց Տ. Սարգսյանը:
Երրորդ. Տ. Սարգսյանը հանձնարարեց կառավարության անդամներին՝պատասխանել ՎՊ բոլոր մեղադրանքներին՝ կամ հերքել, կամ ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ասել, որ դրանք ճիշտ են ու կրեն պատասխանատվություն:




























