Քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու իրենց բնակելի տների վերելակների փորձաքննություն իրականացնել: Այս մասին հունիսին 20-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԻՆ Տխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Կենտրոնն առնվազն տարին մեկ ստուգում է վերելակները, սակայն բազմիցս արտահերթ ստուգումներ են իրականացվել` բնակիչների պահանջով: «Այս դեպքում փորձաքննության համար վճարում են բնակիչները: Սակայն բնակելի շենքերի համար մենք ինքնարժեքից ցածր գին ենք սահմանել` 2930 դրամ»,-նկատել է Հովհաննիսյանը: Համեմատության համար` ոչ բնակելի շինություններում վերելակները ստուգվում են 20 հազար դրամով:

Նա բացառել է սեփականատերերի հետ որեւէ ապօրինի պայմանավորվածության հնարավորությունը. սխալ փորձագիտական եզրակացության համար սահմանվում է 500 հազար դրամ տուգանք, առանձին դեպքերում` քրեական պատիժ: Ընդ որում, փորձագետը հավաստիացրել է, որ ստուգման օրը լիֆտը «ռետուշավորել» չի հաջողվի: «Եթե խցում աղոտ լույս է, կամ ներկն է պլոկվել, մեզ համար այնքան էլ կարեւոր չէ. մենք ստուգում ենք հիմնական անվտանգության հանգույցները: Եթե ճոպանները կամ էլեկտրատեխնիկան սարքին չեն, որեւէ կոսմետիկական միջոցներով դա չես թաքցնի»,-բացատրել է ԱԻՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը հավելել է, որ վերելակում յուրաքանչյուր դժբախտ պատահար մանրամասն փորձագիտություն է պահանջում, քանի որ վերելակի համար պատասխանատվությունը բոլորի վրա` խցիկ մտնողից, մինչեւ անվտանգության համար պատասխանատու անձ: «Երբեմն խախտվում են վերելակից օգտվելու կանոնները, կամ էլ ոչ պրոֆեսիենալները փորձում են տարհանել տուժածներին: Դա կարող է ողբերգական հետեւանքների հանգեցնել»,-եզրափակել է նա: