Բանտային կադրերը Սամեգրելոյի գաղտնարանում հայտնաբերված տեսանյութերի թեթեւ տարբերակն են, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին` «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, հայտնաբերված տեսագրություններում առկա են «ծանրագույն կադրեր, թե ինչպես են նախկին իշխանությունները, ռեժիմի եւ գաղափարախոսության ստեղծողները պայքարում սեփական ժառանգության, սեփական ժողովրդի դեմ», փոխանցում է Գրուզիա Online-ը: Նախարարի խոսքով, դա համակարգային բնույթի հանցագործություն էր, կիրառվել են նախկին իշխանությունների կողմից լավ մշակված մեթոդներ: Ինչ վերաբերում է Վանո Մերաբիշվիլիի` այդ գործին հանցակից լինելուն, չի բացառվում, այդ նյութերը նկարահանված լինեն 2011-ին, երբ նա զբաղեցնում էր նախարարի պաշտոն:
Նա նաեւ ընդգծել է, որ Արեւմտյան Վրաստանում հայտնաբերված գաղտնարանը չի եղել ՆԳՆ պետական գաղտնի օբյեկտների ցուցակում, ինչի մասին հայտարարել են նախկին իշխանությունները:




























