Ռուսաստանի քննչական կոմիտեի Բուտիրկայի բաժնի պետի տեղակալ Մարտին Գդլյանը՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերի քննիչ Թելման Գդլյանի որդին, աշխատավայրում վիճել է փաստաբան Իվան Մոյիսեեւի հետ: Դեպքի փաստով կատարվում է նախաքննական ստուգում:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ երեկ Մոյիսեեւը մտել է Գդլյան կրտսերի աշխատասենյակ եւ պահանջել, որ իրեն քրեական գործի հարուցումը մերժելու մասին փաստաթուղթ տրվի:
Քանի որ Գդլյանը իր աշխատասենյակում գտնվող քննիչի զեկույցն է լսելիս եղել, փաստաբանին խնդրել է դռան մյուս կողմում սպասել, սակայն վերջինս հրաժարվել է: Գդլյանը ստիպված հսկիչ ոստիկանների է կանչել: Փաստաբանն այդ ընթացքում կառչել է նրա ձեռքից:
Երբ փաստաբանին դուրս են բերել սենյակից, վերջինս պահանջել է շտապօգնություն կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան հիվանդանոց տեղափոխելու պատճառ չեն գտել:
Միաժամանակ, վնասվել են Գդլյանի երկու ձեռքերը, իսկ ոստիկանության աշխատակցի հագուստի թեւքը պատռվել է:
Թելման Գդլյանը հայտնի է իր աշխատանքային գործունեության մայրամուտին քննած «բամբակի» գործով, որը ԽՍՀՄ-ում կոռուպցիոն առաջին աղմկահարույց բացահայտումն էր:




























