Բուհն ավարտելը պետք է ընդունվելուց բարդ լինի, այսօր՝ հունիսի 20-ին լրագրողներին ասել են հայկական բուհերի քննական հանձնաժողովի ներկայացուցիչները: ԵՊՀ քննական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոնստանտին Մանուկյանի խոսքով՝ այս տարի բուհում կա ընդամենը 587 տեղ, որոնցից 97-ը՝ անվճար: Ըստ նրա՝ դիմորդների թիվը նվազել է մի շարք պատճառներով: Եվ, այնուամենայնիվ, նախկինի պես միայն «բավարար» արդյունքով ընդունվելն անհնար է:
ԵՊՀ-ում Մանուկյանի գործընկեր Վաչագան Գալստյանը նշել է, որ միայն դրական գնահատական ստանալով կարելի է ընդունվել այն բաժիններ, որտեղ մրցակցություն չկա: Այս տարի քիչ են բնական գիտությունների ֆակուլտետներ դիմողները:
«Ոչ բավարար թվով դիմորդներ են ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ աստվածաբանության ֆակուլտետներ ընդունվելու հայտ ներկայացրել: Բարձր է հումանիտար մասնագիտությունների համար մրցակցությունը», – հայտնել է Գալստյանը:
Մասնագետների կարծիքով՝ բուհ ընդունվելու ընթացակարգը պետք է հեշտացնել՝ ցանկացողներին ընդունվելու հնարավորություն ընձեռելով: Մյուս կողմից, պետք է բարդացնել ուսուցման գործընթացը, որպեսզի դիպլոմը չարժեզրկվի:
2012թ. համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: նախորդ տարվա 5410-ի փոխարեն այս պահի դրությամբ այն 3971 է: Անվճար տեղերի թիվը 338 է, վճարովիներինը՝ 2870: Ինչ վերաբերում է Բժշկական համալսարանին, 2012թ. դիմորդների թիվը եղել էր 1125, այս տարի՝ առայժմ 1031:



























