Հայաստանի պետական բյուջեում 2013 թ. գումարներ են հատկացվել 21 հուշարձանների վերականգնման, նորոգման եւ ամրակայման համար: Այդ ցանկում ընդգրկվել են Աղջոց վանքը Խոսրովի արգելոցում, Գոշավանքը, Տեղ գյուղի Սբ Գեւորգ եկեղեցին, Զովունի բնակատեղին, Արուճի համալիրը, Գեղարդավանքը, Սբ. Հովհաննես եկեղեցին Կամարիս գյուղում:

Բացի այդ` ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 20-ին որոշեց եւս 13 հուշարձանների համար հայտարարել ոչ թե մրցույթ, այլ կատարողին ընտրել բանակացային գործընթացով:

Դրանցից Ոսկեվազ գյուղի Սբ Հովհաննես եկեղեցի, Հարթավան գյուղի Աստվածընկալ վանք, Իրինդ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցի, Քոբեր կայարանի Քոբայրավանք, Խաչիկ գյուղի Քարկոփի վանք, Բջնի գյուղի Բջնո ամրոց պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքները սկսվել են դեռևս 2005-2006 թթ, շարունակվել են հետագա տարիներին եւ մտել ավարտական փուլ: 2009-2011 թթ. սկսվել եւ շարունակվում են Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցու, Լոռի բերդ գյուղի «Լոռի բերդ» ամրոցի, Ալավերդի քաղաքի Սանահին վանքի, Գոշ գյուղի Մ. Գոշի դամբարանի, իսկ 2012 թ. սկսվել եւ 2013 թ. ավարտական փուլ է մտել Վաղատին գյուղի Որոտնավանքի վերականգնման աշխատանքները:

2012 թ. վերականգնվող հուշարձանների անվանացանկում իր պատմաճարտարապետական արժեքով առանձնանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրը: Դրա վերականգնողական աշխատանքներին զուգընթաց, համաձայն նախագծի, պետք է իրականացվեն նաեւ հուշարձանների տանիքների բուսածածկի, գրունտային եւ մթնոլորտային ջրերի դեպի հուշարձան ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ: