ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում, կուսակցական գործիչը գիրք է գրել։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Սռաքելյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը։
Միանգամից նշենք՝ շշմելու գիրք է «գրել» Գագիկ Ծառուկյանը ու զարմանալի է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որեւէ գրական տիտղոս չի պարգեւել Ծառուկյանին։ Նախկինում Վ. Առաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է «Մարզական Հանրագիտարան», իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը, ընդ որում՝ պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը։ Հայկական սպորտի պատմության, Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ միասին «Մարզական Հանրագիտարանում» տեղ են գտել Հայաստանի պետական ու քաղաքական ներկա վերնախավը ներկայացնող գրեթե բոլոր անձերը, իսկ ամենամեծը հենց գրքի համահեղինակ Գագիկ Ծառուկյանին նվիրված կենսագրական հոդվածն է, որը սկսվում է, սակայն, 1989 թ.–ից... բացակայում են Գագիիկ Նիկոլայեւիչի կյանքի առաջին 33 տարիները...»,– գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























