Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 170 ավագ դպրոցում այսօր «Հայոց պատմություն» առարկայից քննություն պետք է հանձներ 235 դիմորդ, նրանցից բացակայել էր 24-ը։ Առավոտ վաղ այս քննակենտրոն էր այցելել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նախարարը ավանդույթի համաձայն, եղավ քննասենյակներոմ, զրուցեց դիմորդների հետ, հետաքրրքվեց որպիսությամբ, գոհ են արդյոք քննություններից, ով որտեղ է դիմել, ինչ գնահատականներ են ստացել եւ այլն։
«Ինձ բան ունեք ասելու հարգելի պոտենցիալ ուսանողներ, այսօրվա ձեր ստատուսը ուսանողից 5 պակաս է, այս քննությունն էլ գրում եք, նորմալ հանձնում եք, վստահ եմ՝ շատերդ ձեր հայտով ինչ-որ մի տեղ կսովորեք»,- դիմորդներին դիմելով՝ ասաց նախարարը։ Միակ մեկ դիմորդ համարձակվեց ասել, որ նախորդ քննություններից դժգոհ է, բայց հետո պարզաբանեց, որ ոչ թե նախարարից է դժգոհ, այլ ինքն իրենից։
Դիմորդների հետ զրույցից հետո Արմեն Աշոտյանը շփվեց ծնողների հետ, որոնք նրան զանազան հարցեր ուղղեցին՝ սկսած շտեմարաններից, ուսման վարձերից, անցումային միավորներից մինչեւ զորացրվածների ընդունելություն։
Ծնողներից մեկը նախարարին դիմեց թիվ 60 դպրոցում «Օտար լեզվի» քննության ժամանակ լույսի 20 րոպե անջատվելու խնդրով, որը, նրա խոսքով, առաջացրել է քաոս, ձեւաթղթերը հանել են քննասենյակից, երեխաների մոտ շփոթմունք է առաջացել, իր երեխան հոգեբանական սթրես է տարել եւ այլն։ Նա տեղեկացրեց, որ այդ խնդրով դիմում է գրել թե վարչապետին, թե ԿԳՆ, թե ԳԹԿ, նախարարն էլ խոստացավ անձամբ ծանոթանալ դիմումին եւ արդարացի լուծում տալ։
Նշենք, որ Հայաստանում այսօր` հունիսի 21-ին, «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաներով ավարտվում է պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին փուլը: Քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ից, դիմում-հայտեր ընդունվում են հունիսի 24-ից-հուլիսի 1-y: Քննությունների երկրորդ փուլին մասնակցում են բանակից զորացրվածները, առաջին փուլի այս կամ այն քննությունից հարգելի բացակայածները, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտողները, արտասահմանում դպրոցն ավարտած հայրենակիցները:
Հունիսի 25-ից-հուլիսի 8-ը կկայանան բանավոր քննությունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























