Մահացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը:

Վաստակաշատ գիտնական ու ճանաչված մտավորական Է. Զոհրաբյանի կյանքի տարեգրությունը արգասաբեր ու շնորհաշատ պատմաբանի կենսագրություն է:

Նա ծնվել է Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում՝ 1939 թ. մայիսի 5-ին։ Միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո՝ 1962 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1967 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է պատմության ֆակուլտետը եւ ընդունվել ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան չավարտած՝ 1968 թ. շնորհալի երիտասարդ պատմաբանին տեղափոխել են դասախոսական աշխատանքի, որտեղ, արագ բարձրանալով գիտական բոլոր աստիճաններով, դարձել է դոկտոր-պրոֆեսոր։

1993 թ. Է. Զոհրաբյանը ընտրվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության նորաբաց ամբիոնի վարիչ, իսկ 1998-ին ստանձնել նաեւ իր ջանքերով հիմնադրված միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը, որը մեծ հաջողությամբ վարել է մինչեւ 2008թ. ապրիլը։

Պրոֆ. Է. Զոհրաբյանը հայ դիվանագիտության պատմության ամենաճանաչված մասնագետն է այսօր։ Նա հայոց նորագույն շրջանի պատմության, հատկապես՝ 1918-1922 թթ. բարդ ու խճճված հիմնախնդիրների ամենախորաթափանց գիտնականն է։ Այդ հիմնախնդիրների լուսաբանմանն են նվիրված գիտնականի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները, ավելի քան 60 գիտական հոդվածներն ու 5 մենագրությունները։

Հայոց նորագույն շրջանի պատմության միայն այս փոքրիկ ժամանակահատվածում էր Հայաստանը ներկայանում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ինչ-որ չափով ուներ իր բախտը տնօրինելու հնարավորություն:

Նա մշակել եւ երկար տարիներ դասավանդել է այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են «Հայաստանի միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը նորագույն ժամանակներում», «Հայկական հարցը եւ միջազգային դիվանագիտությունը», «Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտությունը», «Ղարաբաղյան հիմնահարցը եւ միջազգային դիվանագիտությունը»։