Հերթական անգամ ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակությունն ու քաղաքացին պետք է վստահեն իրենց: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ բնակչությունը կաշառակերության դեմ պայքարում պետք է օգնի իրենց, տեղեկություններ ու հաղորդում տա այդ դեպքերի մասին: «Հնարավոր է, հենց այս պահին մի քանի տեղ կաշառակերության դեպք է արձանագրվում, բայց ոչ ոք չգիտի դրանց մասին, որովհետեւ քաղաքացիները չեն հայտնում»,- ասել է նա: Նկատենք, որ ոստիկանությունը մշտապես հայտարարում է, որ բնակչությունը պետք է վստահի իրենց, սակայն որեւէ անգամ չեն փորձել բարձրաձայն խոստովանել, թե այդ ինչի՞ց է, որ հասարակությունը չի հետեւում իրենց հորդորներին:
Հունան Պողոսյանի խոսքով, 2009 թվականին 2008-ի համեմատ ավելացել են կոռուպցիայի եւ տնտեսական հանցավորության բացահայտման դեպքերը: Մասնավորապես, եթե 2008 թվականին եղել է 392 բացահայտում, ապա 2009 թվականին դրանց թիվը ասել է 552-ի, որի 76 տոկոսը բացահայտել է հենց ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:
Այնուհետեւ անդրադառնալով դրամանենգության խնդրին, նա տեղեկացրել է, որ 2008-ին իրենց վարչությունը բացահայտել է դրամանենգության 1 դեպք, իսկ 2009-ին այդ դեպքերի քանակը հասել է 8-ի:



























