Մարտի 25-26-ին Երեւանում Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ կայանալու է սոցիալիստական ուժերի միջազգային համաժողով, որին ի թիվս այլոց՝ մասնակցելու է նաեւ շվեդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը: Կուսակցությունը հանդիսանում է Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի նախաձեռնողը:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դաշնակցությունն ակտիվ հանդիպումներ եւ բանակցություններ է վարում շվեդական սոցիալ-դեմոկրատների հետ բանաձեւի ընդունման ուղղությամբ: «Մենք շվեդ գործընկերներին անհրաժեշտ տեղեկություններ ենք տրամադրում: Բայց վստահ եմ, որ Շվեդիայում, ինչպես ԱՄՆ-ում, ծանր պայքար է սպասվում, քանի որ Անկարան արդեն այսօր լոբբիստական գործունեություն է իրականացնում»,- նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: