Հիլարի Քլինթոնի` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին հղած կոչը՝ դադարեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը, պետք է մեկնաբանի Պետքարտուղարությունը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը` ամենօրյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով պետքարտուղարի ուղերձը:
«Երեկ տեղի է ունեցել նախագահ Օբամայի զրույցը Թուրքիայի նախագահի հետ: Թուրքիա կատարած այցի ընթացքում նախագահ Օբաման ջանքեր է գործադրել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Որոշակի առաջընթաց է գրանցվել, եւ կողմերն արդեն հայտարարել են հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին»,- նկատել է Գիբբսը: Նա նաեւ հիշեցրել է, որ արձանագրությունները պետք է վավերացվեն Թուրքիայի խորհրդարանում:
Հարցին, հնարավոր է, արդյոք բանաձեւի ընդունումը խոչընդոտի հայ-թուրքական մերձեցման գործընթացին, Գիբբսը պատասխանել է. «Մեր ջանքերն ուղղված են առաջընթաց ապահովել տվյալ հարցում, որ 100 տարի է՝ բաժանում է երկու երկրներին»:
«Ես կարծում եմ՝ նախագահ Օբաման համարում է, որ այդ արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում կհեշտացնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը»,- ամփոփել է Գիբբսը:



























