Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում մարտի 5-ին հանդիպում է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովի եւ նրա թուրք գործընկեր Ֆիրուդին Սինիրլիօղլուի միջեւ։
Խորհրդակցությունների ընթացքում, ինչպես հայտնում են ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ ներառյալ իրավիճակը Կովկասում, Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում, ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը։
Կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության առնչությամբ, մտքեր փոխանակել ապագայի հեռանկարների մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել էր Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած կարեւոր դերի մասին։ «Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի համար աշխարհագրական ընդհանուր տարածք է։ Մենք հավատում ենք, որ կկարողանանք Ռուսաստանի հետ համտեղ ապագա կառուցել»,- հայտարարել է Դավութօղլուն։



























