Վոլգոգրադի Մշակույթի եւ հանգստի կենտրոնական պուրակի` Բաքվի պուրակի վերափոխման եւ դրա կենտրոնական մուտքի մոտ այդ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման վերաբերյալ փաստացի տեղեկությունները վոլգոգրադցիների մոտ ոչ միանշանակ արձագանք են առաջացրել:

Ինչպես հաղորդում է ռուսական V1.ru պարբերականը, մշակութային ժառանգության գծով մասնագետ Գալինա Շիպիլովան, ներկայացնելով սեփական մինի-հետազոտությունը, եկել է այն եզրահանգման, որ պարկի վերակառուցումն ապօրինի բնույթ է կրում: «Աշխատանքի նախագիծը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի եւ Վոլգոգրադի երկրամասի մշակույթի նախարարությունների հետ: Ես դիմել եմ երկու գերատեսչություններին էլ, ինչից հետո պարզվել է, որ դրանցից եւ ոչ մեկում նախագծի մասին անգամ չեն էլ լսել: Դրանից հետեւում է, որ աշխատանքներն ապօրինի բնույթ են կրում: Չեմ խոսում արդեն այն մասին, որ պուրակի տարածքում տեղադրվող հուշարձանները պետք է կապված լինեն Մամաեւ կուրգանում 1942-43թթ մարտական գործողությունների հետ, այլ ոչ թե օտարերկյան նախագահների հիշատկը հավերժացնելու»:

Ռոսօխրանկուլտուրայի ներկայացուցիչ Կոնստանիտին Կարկաչեւովն իր գնահատականներում եւ եզրակացություններում ավելի զգուշավոր է: Նա նշել է, որ իրենք պուրակի վերակառուցման եւ այն Հեյդար Ալիեւի անվան հետ կապելու մասին տեղեկացել են միայն մամուլի հաղորդագրություններից: Պաշտոնապես իրենց այդ հարցով չեն դիմել եւ նախագիծն իրենք չեն տեսել: Եթե պուրակում աշխատանքներ են տարվում, ապա դրանք ապօրինի են: Մենք պետք է ստուգում իրականացնենք եւ հուսով ենք, որ իրավիճակին կմիանա նաեւ դատախազությունը:

Նա նաեւ որոշակիորեն մեղադրել է դատախազությանը` մշակութային օբյեկտների պաշտպանության հարցում ոչ այնքան մեծ ներգրավվածության համար` այդ համատեքստում հիշատակելով նաեւ 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրները: