Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հերքում է այն մեղադրանքները, որ պահանջել է Մանդելայի հուղարկավորության նկարահանման էքսկլյուզիվ իրավունքներ: Վերջինս դեռեւս ողջ է եւ գտնվում է Պրետորիայի հիվանդանոցներից մեկում: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` CNN-ը պահանջը ներկայացրել է Մանդելայի դստեր եւ Հարավաֆրիկյան հեռարձակող կոռպորացիայի հետ հանդիպման ընթացքում:
Ինքը Մանդելայի դուստրը հրաժարվում է մեկնաբանություններից` նշելով, որ հանդիպումը կոնֆիդենցիալ էր, փոխանցում է ՌԲԿ-ն: Յոհաննեսբուրգում CNN-ի տարածաշրջանային բյուրոյի ղեկավարը հաղորդել է, որ այդ հաղորդագրությունները «վշտացնող են եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեն»:
Սա ՀԱՀ նախկին նախագահի ապագա հուղարկավորության հետ կապված առաջին սկանդալը չէ: Մանդելայի մերձավորները վիճում են նրա հուղարկավորության վայրի կապակցությամբ. դա ուղղակիորեն կախված է նրանից, թե նրա հետնորդներից ով է մահվանից հետո գլխավորելու կլանը:





























