Էյնշտեյնի ինտելեկտով 11-ամյա մեքսիկացի տղային կարող են Հարվարդ ընդունել: Այդ հարցի լուծման համար երիտասարդ վունդերկինդին հրավիրել են ԱՄՆ դեսպանատուն` հարցազրույցի, հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
Փորձագետները 11-ամյա Լուիս Ռոբերտո Ռամիրեսի ինտելեկտի գործակիցը գնահատում են 152-160, ինչը մոտավորապես նույնքան է, որքան Ալբերտ Էյնշտեյնինը:
Լրատվամիջոցների տվյալներով` Ռամիրեսը 10 շաբաթների ընթացքում ավարտել է քոլեջներից մեկի նախապատրաստական դասընթացները: 47 առարկաներից, որոնցից պետք է քննություն հանձնել, նա միայն մեկից է ստացել հնարավոր 10-ից 9 միավոր: Փոքրի մեքսիկացու երազանքն է սովորել Հարվարդում, որտեղ կցանկանար քվանտային ֆիզիկա ուսումնասիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru:
ԱՄՆ դեսպանատանը արդեն վիզաների տրամադրման համար հայց է ներկայացվել եւ հաջորդ շաբաթ պարզ կդառնա, արդյոք ամերիկյան իշխանությունները թույլ կտան իրենց տարածքում փոքրիկ հանճարի հետագա ուսումնառությունը:





























