Մեքսիկայի Հալապա քաղաքի բնակիչները որոշել են փոխել իրենց քաղաքապետին եւ նրա պաշտոնում ընտրել Մորիս անունով կատվին: Նրանց կարծիքով՝ չորքոտանի քաղաքապետից ավելի մեծ օգուտ կլինի:

Պաշտոնյաները, ըստ բնակիչների, «ոչինչ չեն անում, միայն ուտում են ու քնում»: Այդ «աշխատանքը» հաջողությամբ կարող է կատարել նաեւ կատուն, որոշել են քաղաքացիները:

Նրանք Մորիսի համար Twitter-ում էջ են բացել եւ կազմել կատվի նախընտրական ծրագիրը՝ «Ազատել քաղաքը առնետներից», հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով CSM-ը:

Մորիսը բազմաթիվ տաղանդներ ունի. «Ես քնում եմ, ուտում եմ, խաղում եմ, գնում եմ զուգարան, հետո նորից քնում եմ: Սա ունակությունների իդեալական հավաքածու է քաղաքապետի թեկնածուի համար»,-գրում է Մորիսի էջի պատասխանատուն:

Արդյունքում, տեղական ընտրություններում Մորիսի օգտին քվեարկել է 600 մարդ: Նրա անունը դուրս է եկել նահանգի տարածքներից եւ Մորիսի անունը քվեաթերթիկներում հիշատակում են նաեւ Սակատեկաս, Պուեբլա, Ագուասկալյենտես, Կոաուիլա եւ Կինտանա-Ռոո նահանգների ընտրողները: