Բրիտանացի արքայազն Ուիլյամը, որը ծառայում է որպես փրկարար ուղղաթիռի օդաչու, իր կնոջ՝ Քեյթի, ծննդաբերության նախաշեմին արձակուրդ է վերցրել, հաղորդում է շոտլանդական Daily Record տաբլոիդը:
Եթե հուլիսի 14-ին չսկսվի ծննդաբերությունը, ապա Քեմբրիջի հերցոգն իր եղբայր Հարրիի հետ Գլոսթերշիրում հանգստյան օրերին կխաղա երկրորդ բարեգործական պոլո խաղը:
Միաժամանակ, «Սուրբ Մարիա» հիվանդանոցի մոտ, որտեղ պետք է ծննդաբերի Քեյթը, իրարանցում է: Տասնյակ լրագրողներ դեռեւս մեկ շաբաթ առաջ հարմար դիրքեր են ընտրել մուտքի մոտ: Որոշ լրատվամիջոցներ, ըստ լուրերի, պայմանավորվել են տաքսիստների հետ, որ վերջիններս մեքենաները չեն կայանի տեսախցիկների առջեւ:
Ապագա ծնողների հարազատները անում են ամեն ինչ, որպեսզի նրանք հանգիստ պայմաններում լինեն եւ վայելեն փոքրիկի ծննդյան առաջին րոպեների երջանկությունը:
Ուիլյամի եւ Քեյթի զավակը, անկախ սեռից, բրիտանական գահի հերթում կզբաղեցնի երրորդ տեղը՝ Ուելսի արքայազն Չարլզից եւ հենց Ուիլյամից հետո:




























