Բրիտանացի եւ ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրորդ կարգի շաքարախտով հիվանդներն ավելի շատ են հակված քաղցկեղով հիվանդանալու: Նրանց հոդվածը հրապարակված է Nature Genetics-ում:
Որոշ բջիջներ ունեն ԴՆԹ-ի մեծ հատվածների լրացուցիչ կամ սխալ պատճեններ: Նման մուտացիաներն անվանվում են կլոնային խճանկար (clonal mosaic events - CMEs), դրանք ամենից հաճախ հանդիպում են տարեց մարդկանց մոտ: Այսպես, 70-ից բարձր տարիքում յուրաքանչյուր 50-րդն ունենալու է նման մուտացիա, որը, ըստ նախկինում արված ուսումնասիրությունների, 10 անգամ ավելացնում է արյան քաղցկեղի զարգացման վտանգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականներն իրենց աշխատությունում որոշել են վերլուծության ենթարկել երկրորդ կարգի շաքարախտով տառապող մարդկանց մոտ այդ մուտացիաների բաշխվածությունը: Նրանք ուսումնասիրել են 7,4 հազար մարդու նմուշներ` ներառյալ շաքարախտով 2,2 հազար հիվանդների: Պարզվել է, որ քաղցկեղը շաքարախտով հիվանդների մոտ չորս անգամ ավելի շատ է հանդիպում:





























