«Կատարվել է ձեր երազանքը, «Արի տունը» հնարավորություն է ընձեռել տեսնել Հայաստանը, լինել Հայրենիքում, ընկերներ գտնել ու լինել հավերժ կապված Հայաստանին»,-այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի չորրորդ փուլի բացման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Խորին շնորհակալություն բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ծրագրի կազմակերպիչներին, Սփյուռքի կառույցներին, դպրոցներին, ծնողներին, ովքեր նպաստեցին, որ դուք Հայաստանում 14 հրաշալի օր անցկացնեք: Շնորհակալություն քաղաքապետարանին, մարզերի ղեկավարներին: Հատուկ շնորհակալություն բժիշկներին, որոնք այս 14 օրը պետք է անգործ մնան, քանի որ դուք պետք է առողջ ու առույգ լինեք: Այս օրերի ընթացքում դուք կբարեկամանաք ու կընկերանաք իրար հետ, Հայաստանից կհեռանաք նոր զգացումներով ու մտքերով, որ նորից պետք է գաք Հայաստան»,-ասել է նա:

Նախարարը հատուկ ողջունել է առաջին անգամ ծրագրին մասնակցող այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր եկել են Իրաքից, նաեւ՝ Նիդեռլանդներից, Լատվիայից, Բելգիայից, Բելառուսից, Արգենտինայից, Սիրիայից, Ռուսաստանից ու Վրաստանից եկած երեխաներին:

Ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից: