Լրագրողները բրիտանական խորհրդարանի շենքի զուգարաններում կոկաինի հետքեր են հայտնաբերել, այդ թվում՝ այն գոտիներում, որտեղ մուտք ունեն միայն պատգամավորները: Լրագրողների սկանդալային բացահայտման մասին հաղորդում է Sun ինտերնետ-պորտալը:
Sun-ի լրագրողները կիրառել են հատուկ թեստեր, որոնք կոկաինի հետքեր են հայտնաբերել: Զուգարանկոնքերի, զուգարանի թղթի կրիչների եւ չորանոցների ստուգումները բացահայտել են թմրանյութի հետքեր 9 զուգարաններում, այդ թվում՝ 3 կանացի զուգարաններում: Լրագրողները պարզել են, որ թմրանյութերը օգտագործվել են այդ հատվածներում: Շենքի անվտանգությունն ապահովում են անվտանգության ծառայության մոտ 500 աշխատակիցներ, որոնք մանրամասնորեն ստուգում են այցելուներին:
Հաղորդվում է, որ լրագրողները զուգարանները «քողարկված կերպով» են հետազոտել այն բանից հետո, ինչ տեղեկություններ են ստացել իրենց աղբյուրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ամեն տարի խորհրդարան է այցելում ավելի քան 1 մլն մարդ, ուստի անհնար է հաստատել, թե կոնկրետ ով է դրանով զբաղվում»,-խորհրդարանի ներկայացուցչի խոսքը մեջբերում է պարբերականը:





























