Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է ինքնուրույն ձեւավորել իր աշխատանքային օրակարգը եւ որոշել, թե ում հետ հանդիպել, ում հետ՝ ոչ, երկուշաբթի օրը հաղորդել է KAI գործակալությունը՝ վկայակոչելով պապի ընկերոջ եւ նրա նախկին աշակերտի՝ արգենտինացի Խորխե Միլայի բառերը:
Միլայի խոսքով՝ իր հետ հեռախոսազրույցում Ֆրանցիսկոսը բողոքել է նրանից, որ իր շրջապատն է որոշում իր առօրյան ու օրակարգը: Պապն ասել է, որ այսուհետ մտադիր է սահմանափակել այդ ազդեցությունը, որպեսզի ոչ թե իր քարտուղարները, այլ հենց ինքը որոշի, թե ում ընդունի, ում՝ ոչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, Ֆրանցիսկոս պապն ասել է, որ իր ծառայությունը բախվում է բազմամյա վատիկանցի ֆունկցիոներների իներցիային, որը հեշտ չէ հաղթահարել:
Դրա հետ մեկտեղ, նա հիացմունք է հայտնել իր նախորդ Բենեդիկտոս 16-րդի «համեստության եւ իմաստության» կապակցությամբ, որի հետ հանդիպումները Ֆրանցիսկոսին ուրախություն են պատճառում:
Հակառակ ավանդության՝ Ֆրանցիսկոսը չի տեղավորվել Վատիկանի Առաքելական պալատում, այլ շարունակում է բնակվել եւ աշխատել սուրբ Մարթայի տանը, իսկ Պալատ այցելում է հատուկ հանդիպումների ժամանակ:
Խորխե Միլան ասել է, որ նա չի ցանկանում բնակվել պալատում, քանի որ բազմաթիվ պապեր արդյունքում դարձել են իրենց քարտուղարների «պատանդը»:





























