Ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: Այդ փաստն արձանագրվել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի ու Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանի հանդիպմանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորել է հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, կարեւորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերով պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:
Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնելու Սալոնիկի եւ Գյումրու միջեւ համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալիոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:
Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի:




























