Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հուլիսի 17-ին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպման ժամանակ նրան է ներկայացրել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:
Նախարարը նշել է, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում եւ համահայկական կազմակերպությունների աջակցութամբ եւ դիմել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով՝ հաշվի առնելով Հորդանանում, Լիբանանում եւ Թուրքիայում ապաստանած սիրիացիների աջակցության փորձը, որի շրջանակներում միլիոնավոր դոլարներ են հատկացվել նշված երկրներին:
Հրանուշ Հակոբյանը Տրայան Հրիսթեային է հանձնել նաեւ տեղեկանք սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ աջակցության խնդրանքով գրություն:
Հաջորդ կարեւոր հարցը, որին անդրադարձավ նախարարը Սիրիայում եւ հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ եւ հոսանքազրկված, որի հետեւանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի: Ուստի վտանգված է քաղաքացիների, այդ թվում հայության ֆիզիկական գոյությունը:
Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաեւ՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը ԵՄ երկրների եւ միջազգային կառույցների առջեւ:
ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել նշված խնդիրները բարձրաձայնել համապատասխան մարմիններում:





























